ՏԻԿԻՆ ԷՐԱՏՈՅԻ ՀԱԳԵՑԱԾ ԱՌՕՐՅԱՆ
Պատմականորեն հաստատված ավանդույթի համաձայն՝ հայ թագավորների և իշխանների կանայք հեռու էին մնում քաղաքական վայրիվերումներից, առավելևս՝ խարդավանքներից։ Մինչ ամուսինն ապրում և գործում էր, գնում ռազմարշավների, ժողովներ անցկացնում, արդարադատություն իրականացնում, շենացնում երկիրը, մի խոսքով՝ իշխում և կառավարում ամուր ձեռքով ու պայծառ մտքով, նրա տիկինը՝ համեստ ու հուշիկ, մարդկանց աչքից հեռու, անձնատուր էր լինում կանացի առօրեական հոգսերին։ Դաստիարակում էր ժառանգներին, հոգ տանում թշվառների և որբերի մասին, աղոթում ու սեփական ձեռքով խորանի շքեղ ծածկոցներ գործում՝ եկեղեցիներին ընծա: Խոնարհությունն ու սրտալի հոգատարությունն այն էին, ինչը գնահատվում էր արքայազարմ տիկնանց մեջ, որոնք ընկալում էին իշխանությունը որպես պարտիք Աստծո և ժողովրդի առջև, իսկ դրա շռայլ շնորհները՝ որպես փորձություն: